Իսպանիայի ափերի մոտ 2 տ կոկաինով առագաստանավ է ձերբակալվել
Իսպանիայի իրավապահ մարմինները Կանտաբրիայի Սանտանդեր քաղաքի ափերի մոտ 2 տոննա թմրանյութով առագաստանավ են ձերբակալել։ Այս մասին օգոստոսի 2-ին տեղեկացրել է Europa Press-ը՝ Մաքսային վերահսկողության ծառայությանը հղումով։
Ձերբակալված նավը շարժվել է բրիտանական դրոշի ներքո։ Այն լքել է Միացյալ Թագավորությունը և երեք ամիս եղել ճանապարհին։ Նավում եղել է Իսպանիայի մեկ քաղաքացի, նավապետը, Վենեսուելայի երկու և Կոլումբիայի մեկ քաղաքացի։ Անձնակազմի անդամներն անմիջապես ընդունել են իրենց մեղքը և հայտնել տեղափոխվող թմրանյութի իրական քանակը։ Հանցագործներին հանձնել են Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի աշխատակիցներին։
Առգրավումից հետո առագաստանավը քարշակել են դեպի Սանտանդեր նավահանգիստ, որտեղ կոկաինը բեռնաթափվելու է և պարզվելու է դրա ճշգրիտ քանակն ու մաքրությունը: Իրավապահ մարմինների նախնական տվյալների համաձայն, այս առգրավումը կարող է ամենախոշորը դառնալ Կանտաբրիայի պատմության մեջ։
Հարկային ծառայության աշխատակից Միգել Կարկաբան ասել է, որ նավը սկզբում գրեթե անհնար էր գտնել, քանի որ այն սարքերը, որոնցով կարելի էր այն որսալ, անջատված էին: Առագաստանավը շարժվել է առանց լույսերի։ Ըստ Կարկաբայի, այն հայտնաբերվել է ռադարների միջոցով կանգառի պահին՝ հավանաբար թմրանյութը բեռնաթափելու և տարհանելու նպատակով այլ նավերի ժամանման ժամանակ։ Այս պահին հայտնի չէ, թե առագաստանավը ո՞ւր էր լողում և ո՞ր նավահանգստում էր մտադիր խարիսխ նետել։