Իրանը ներկայացրել է հեռահար հրթիռներով հանդերձված նավեր՝ իրանական կղզիների պաշտպանության նպատակով
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերն օգոստոսի 2-ին մեկնարկած զորավարժությունների ընթացքում ներկայացրել են նոր նավեր, որոնք հանդերձված են 600 կիլոմետր հեռահարության հրթիռներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:
Զորավարժությունները մեկնարկել են Պարսից ծոցի Աբու Մուսա կղզու շրջանում, որի տարածքային պատկանելությունն Իրանին վիճարկում են մի շարք արաբական երկրներ:
ԻՀԿՊ-ի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտնել է, որ հատուկ ստորաբաժանումների նավերն առաջին անգամ հանդերձվել են 600 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներով, որպեսզի պաշտպանեն Աբու Մուսայի և իրանական այլ կղզիների անվտանգությունը։
Ավելի վաղ իրանական կողմը բողոք էր հայտնել Թեհրանում ՌԴ դեսպանին՝ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նիստի արդյունքների շուրջ Մոսկվայի ստորագրած հայտարարության պատճառով։ Իրանի իշխանություններն արձագանքել են մի շարք կետերի, որոնցում երկրները պաշտպանել են Հորմուզի նեղուցի երեք կղզիների խնդրի խաղաղ լուծմանը հասնելու ԱՄԷ-ի մոտեցումը։ Խոսքը Աբու Մուսայի, Մեծ Թոմբեի և Փոքր Թոմբեի մասին է, որոնք Իրանը համարում է իրենը։