Նրանք հաց չեն մուրում ձեզանից, նրանք իրենց մանկությունն են ուզում. Սայիդա Պողոսյան
Շրջափակման մեջ ապրող այս փոքրիկների աչքերում երազանքներ չկան, դրա փոխարեն ապրելու կամք է, նրանց մեջ մեծանում, հասակ է առնում հայի, իսկական հայի ուժեղ տեսակը։ Նման գրառմամբ է հանդես եկել օգտատեր Սայիդա Պողոսյանը՝ հրապարակելով լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները։
«Արթնացա ու նայեցի այս փոքրերի աչքերին ու հասկացա, թե որքան մեծ են նրանք ու որքան փոքր ենք մենք՝ ես, դու, նա, որ համարձակություն չունենք ամեն օր նայելու նրանց աչքերին...
Աշխատանքի շտապելուց առաջ նայեք այս երեխաների աչքերին ու կտեսնեք, թե ինչպես է արթնանում ձեր ներսի Մարդը, եթե չարթնացավ, ուրեմն ձեր ներսի Մարդը վաղուց շրջափակված է ձեր ես-ի ճիրաններում ու դեպի ձեզ տանող բոլոր անցակետերը փակ են...Նրանց աչքերը ձեզանից խղճահարություն չեն ուզում, նրանք արդարություն են ուզում։ Նրանք հաց չեն մուրում ձեզանից, նրանք իրենց մանկությունն են ուզում։ Նրանք ձեզ չեն մեղադրում, երբ դուք սոցցանցերում շռայլում եք տարատեսակ ուտեստների նկարներ՝ ձեր երեխաների մասնակցությամբ կամ առանց, բայց նրանց աչքերում մի հարց կա, մի անհասկանալի հարց՝ ինչու՞...
Շրջափակման մեջ ապրող այս փոքրիկների աչքերում երազանքներ չկան, դրա փոխարեն ապրելու կամք է, նրանց մեջ մեծանում, հասակ է առնում հայի, իսկական հայի ուժեղ տեսակը։ Մոռացության ու մենակության մատնված այս աչքերից է սկսելու մեր ազգի մեռնող տեսակի վերածնունդը...»,- նշված է նրա գրառման մեջ։