«Իրավունք». Ո՞ր դեպքում Արցախը պաշտոնապես կդիմի Ռուսաստանին
«Իրավունք» թերթը գրում է․ «Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը «Իրավունքի» հետ զրույցում չի բացառում, որ իրավիճակով պայմանավորված, մի օր էլ Արցախի իշխանությունները կարող են դիմել ՌԴ-ին` Արցախը պաշտպանության տակ վերցնելու խնդրանքով:
- Այս պահին մեր օրակարգում նման հարց չկա, չի քննարկվել, բայց չի բացառվում, որ իրավիճակով պայմանավորված, նաեւ այդպիսի հարց քննարկվի, սակայն, այս պահին չկա նման հարց:
Այդ դեպքում, այս իրավիճակում ի՞նչ է պատրաստվում անել Արցախը:
Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ փորձելով ճնշումների, պարտադրանքների կամ նախապայմանների միջոցով առաջ տանել իր քաղաքականությունը: Արդյունքում, փորձում են կոտրել մեր կամքն ու վճռականությունը՝ մեր պայքարը շարունակելու եւ առաջ տանելու համար: Սակայն այդ ամենը չի ստացվելու, այսինքն՝ մենք հաստատակամ ենք մեր պայքարը շարունակելու առումով: 30 տարիների պայքարը, ինքնորոշման մեր իրավունքի վերջնական իրացման համար պայքարը շարունակելու ենք: Այսինքն՝ որեւէ ձեւ չենք կոտրվելու այդ ճնշումների առջեւ: Իհարկե, շրջափակումը բերել է հումանիտար ճգնաժամ, որը գնալով ավելի է խորանում, սակայն մենք որեւէ ձեւով մեր պայքարի ուղուց չենք շեղվելու:
Ադրբեջանի ճնշումները կատարվում են նաեւ միջազգային հանրության թողտվության պայմաններում: Եթե միջազգային հանրության կոչերը ուղեկցվեին շարունակական, առարկայական քայլերով, տարբեր գործիքակազմեր օգտագործելով՝ ճնշելու Ադրբեջանին, որպեսզի այս անմարդկային գործողությունները չիրականացներ, ապա մենք այս իրավիճակին ականատես չէինք լինի: Եվ Ադրբեջանը, տեսնելով այս թողտվության մթնոլորտը, փորձում է էլ ավելի խորացնել, ավելի անմարդկային պայմաններ ստեղծել Արցախում ապրող 120 հազար հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների նկատմամբ: Դժվարություններ ու զրկանքներ կրում ենք, բայց որեւէ մեկը չի կարող մեր կամքն ու վճռականությունը կոտրել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում