Զինված կողոպտիչները Փարիզի կենտրոնում թալանել ենվեյցարական Piaget ժամացույցների խանութը
Զինված կողոպտիչները երեքշաբթի Փարիզի կենտրոնում հարձակվել են շվեյցարական Piaget ապրանքանիշի շքեղ ժամացույցների խանութի վրա՝ գողանալով 10-ից 15 միլիոն եվրոյի զարդեր, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Փարիզի դատախազությանը։
Կողոպուտը տեղի է ունեցել օրը ցերեկով, Վանդոմ թաղամասի դե լա Պե փողոցում գտնվող խանութում, որտեղ աշխատում են մի քանի ոսկերիչներ, ժամագործներ։ Վերջին տարիներին այս տարածքում մի շարք զինված կողոպուտներ են տեղի ունեցել։
Ընթանում է հետաքննություն, և գործին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ ոստիկանությունը որոնում է երեք կասկածյալի:
Անցյալ տարվա մայիսին զինված գողերը այս թաղամասում թալանել էին Chanel ժամացույցների և ոսկերչական իրերի խանութը և մոտոցիկլետներով փախել։ Վերջին տարիներին կողոպտվել են նաև Bulgari և Chaumet խանութները։
Piaget-ը շվեյցարական Richemont շքեղ ապրանքների խմբի մեջ է մտնում։