Վարչապետի հարցազրույցը «Եվրանյուզ»-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում անդրադառնալով ԵՄ միջնորդությանը, դիտարկմանը` բազմաթիվ միջազգային դերակատարներ փորձել են միջնորդել այս ճգնաժամին լուծում գտնելու համար՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, և հիմա ԵՄ-ն էլ ավելի մեծ դերակատարում է ստանձնել, ի՞նչ նոր բան են նրանք բերել բանակցություններին, պատասխանել է.
«Գիտեք, նախ ես կուզեի ընդգծել, որ ընդհանրապես միջնորդության առավելությունները վաղուց և բոլորին հայտնի են, բայց բոլոր միջնորդություններն էլ ունեն որոշակի թերություններ: Ամեն միջնորդություն ունի իր յուրահատուկ թերությունը, և, եթե թույլ կտաք, ես կխոսեմ թերության մասին:
Օրինակ, տեսեք, բրյուսելյան հարթակի առումով մենք տեսնում ենք հետևյալ խնդիրը, և այն շարունակական է, որ մենք սեղանի շուրջ պայմանավորվում ենք, որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերում Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ և վկայությամբ: Եվ եթե կողմերից որևէ մեկն այդ պայմանավորվածությունները չի հասցեագրում, չի իրականացնում, դրան չեն հետևում նույնիսկ կոնկրետ գնահատականներ: Ես Ձեզ կարող եմ բերել կոնկրետ օրինակ՝ իմ ներկայությամբ Ադրբեջանի նախագահը Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ դեռևս անցյալ տարեվերջին խոստացել է, պարտավորվել, որ առաջիկա մի շաբաթից 15 օրվա ընթացքում, դա դեռ անցյալ տարի է եղել, ազատ կարձակվեն 10 գերիներ: Մինչև հիմա այդ պարտավորությունը չի կատարվել: Բայց մյուս կողմից՝ ես ենթադրում եմ, որ արդյունավետ միջնորդությունն այն է, երբ պայմանավորվածությունների չկատարման պարագայում նաև որոշակի առնվազն քաղաքական վերաբերմունք է ձևավորվում այդ պարտավորությունը չկատարողի նկատմամբ: Օրինակ՝ բրյուսելյան հարթակում մենք դա չենք տեսնում, և ես անընդհատ այս հարցը բարձրացրել եմ:
Ես Ձեզ գաղտնիք կարող եմ բացել՝ մենք նույնիսկ ունենք պատրաստած մի փաստաթուղթ, որի անունը դրել ենք աուդիտ, որտեղ թվարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք բրյուսելյան հարթակում ձեռք են բերվել, բայց հետագայում չեն իրականացվել: Ահագին հաստ փաթեթ է ստացվել, ինչը մտահոգիչ է»:
Ճշտող հարցին` նկատի ունի, որ Բրյուսելը հետամուտ չի՞ լինում բանակցությունների ընթացքում կողմերից մեկի թերությունների վերացմանը, Փաշինյանն արձագանքել է. «Եթե առանց դիվանագիտության՝ այո»: