Կրծքագեղձի իմպլանտները՝ հազվագյուտ լիմֆոմայի պատճառ. բուժման եղանակներ
Ամբողջ աշխարհում ամենահաճախ իրականացված կոսմետիկ վիրաբուժական միջամտություններից մեկը համարվում է կրծքերի արհեստական մեծացումը։ Գիտնականները և բժիշկները բազմիցս նշել են միջամտության հետևանքով օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների և այլ ազդեցությունների մասին։
Լինում է, որ պացիենտների մոտ վիրահատությունից հետո զարգանում է անապլաստիկ խոշորբջջային լիմֆոմա, գրում է Aysor.am-ը։
Անապլաստիկ խոշորբջջային լիմֆոման ոչ Հոջկինյան լիմֆոմայի հազվադեպ հանդիպող տեսակն է, կազմում է բոլոր դեպքերի 3 %-ը: Սովորաբար ախտահարում է մաշկը, ավշային հանգույցները, լյարդը և փափուկ հյուսվածքները: Առավել հազվադեպ քաղցկեղը ախտահարում է կուրծքը, և համաձայն վերջին հետազոտության՝ կրծքագեղձի անապլաստիկ խոշորբջջային լիմֆոմայի գրեթե բոլոր դեպքերը հանդիպել են այն պացիենտների մոտ, ում կատարվել է կրծքագեղձերի աուգմենտացիա: Ուռուցքը ձևավորվել է իմպլանտին շրջապատող սպիական հյուսվածքում:
Սակայն այս ախտորոշումը միանշանակ չի վերաբերվում վիրահատություն կատարած բոլոր անձանց. Այն ունենում է սպեցիֆիկ բնույթ և չի կարող տարածվել բոլոր պացիենտների վրա։ Կրքծագեղձի իմպլանտների հետ կապված ԱԽԲԼ-ով հիվանդների մեծամասնությունը բուժմանը դրական է արձագանքում:
Ավելին, պարզվել է, որ այս կանանցից շատերի քաղցկեղը բուժվել է պարզապես իմպլանտների հեռացումով, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ իմպլանտները կարող են տրիգեր հանդիսանալ օրգանի ոչ նորմալ իմուն պատասխանի, հետևաբար՝ նաև քաղցկեղի առաջացման համար:
Ոչ Հոջկինի լիմֆոմայի բուժման մեջ օգտագործվող հիմնական մեթոդներն են՝
տեղական դեղորայքային թերապիա (վաղ փուլերում),
ճառագայթային թերապիա,
քիմիաթերապիա,
ոսկրածուծի փոխպատվաստում (դրա ցողունային բջիջները),
կենսաբանական թերապիա (BRMT):
Մաշկի լիմֆոմայի բուժման ժամանակ այսօր համակարգային բուժումը շատ լավ արդյունքներ է գրանցում։ Ամենատարածվածը ճառագայթային թերապիայի և քիմիաթերապիայի համակցված օգտագործումն է: Բուժման այս կամ այն մեթոդը նշանակվում է, իհարկե, կախված մանրակրկիտ ախտորոշումից հետո քաղցկեղի տարածման կոնկրետ դեպքից։
Կենսաբանական թերապիայի շատ տեսակներ դեռ փորձնական փուլում են, սակայն այժմ գիտական հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս հուսալ, որ այս մեթոդի օգնությամբ հնարավոր կլինի բուժել ոչ միայն ոչ Հոջկինի լիմֆոման, այլ նաև քաղցկեղի շատ այլ տեսակներ։