Շերոն Սթոունը պատմել է, որ կորցրել է ֆիլմերում դերերը՝ ինսուլտից հետո հիշողության կորստի պատճառով
Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը պատմել է, որ ինսուլտից հետո հիշողության կորստի պատճառով կորցրել է իր դերերը հոլիվուդյան ֆիլմերում։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։
«2001 թվականին ես իննօրյա ուղեղային արյունահոսություն ունեցա և զանգվածային, շատ թուլացնող ինսուլտ», - ասել է «Հիմնական բնազդ»-ի աստղը՝ հավելելով, որ իր վերականգնման համար տարիներ են պահանջվել:
Հիվանդության հետևանքով Սթոունը սկսել է հիշողության հետ կապված խնդիրներ ունենալ՝ նա դադարել է հիշել իր դերերի տեքստերը, ինչի պատճառով էլ նրան «մղել են հոլիվուդյան դերասանների հետին պլան»։
Սթոունն ընդգծել է, որ կինոոլորտի ղեկավարներն այս դժվարին պարագայում հաշվի չեն առել իր ունեցած փորձը։
«Երբ դուք գտնվում եք հետին պլանում, առաջին պլան վերադառնալը կախված չէ նրանից, որ դուք շատ բլոկբաստերներ եք ստեղծել կամ միլիարդավոր դոլարներ եք վաստակել ձեր ոլորտի համար: Դուք այլևս կարևոր չեք: Չգիտեմ՝ ճի՞շտ է ասել, որ ինձ լքել են։ Բայց ես զգացի, որ կորցրել եմ կինոյի ընտանիքս»,- խոստովանել է դերասանուհին։