Երաշտն Ինդոնեզիայում վեց մարդու կյանք է խլել
Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգում երաշտի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ մեկ երեխա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է ինդոնեզական Grid.Id պորտալը։
«Երաշտի պատճառով վեց մարդ մահացել է, իսկ տուժած շրջաններում մարդիկ քաղցած են մնացել: Վեց բնակիչ՝ հինգ մեծահասակ և մեկ երեխա մահացել են, ենթադրաբար, փորլուծության և ջրազրկման պատճառով»,- ասել է Արևմտյան Պապուայի Փունչաք շրջանի ռեգենտ Վիլեմ Վանդիկը:
Տուժածների մոտ առաջացել են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ընդհանուր թուլությունը, փորլուծությունը, ջերմությունն ու գլխացավը։
Ընդհանուր առմամբ, երաշտից այս կամ այն չափով տուժել է 7500 մարդ։
Հաղորդվում է, որ Ինդոնեզիայի իշխանությունները որոշել են շտապ մարդասիրական օգնություն ուղարկել նահանգ։