Երգչուհի Մոնետոչկան կրկին տուգանվել է «օտարերկրյա գործակալի» մակնշման բացակայության պատճառով
Մոսկվայի դատարանը երեքշաբթի օրը կրկին տուգանել է երգչուհի Մոնետոչկային (Ելիզավետա Գիրդիմովա, ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ Ռուսաստանի Դաշնությունում - ТАСС) 30 հազար ռուբլով (300 դոլար) «օտարերկրյա գործակալի» գործունեության նշանակության կանոնները խախտելու համար։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել են դատարանում։
«Դատարանը Գիրդիմովա Է. Ա.-ին մեղավոր է ճանաչել Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 19.34-րդ հոդվածի 4-րդ մասով («Նյութերի պատրաստում ու տարածում օտարերկրյա գործակալի կողմից՝ օգտագործելով «Ինտերնետ» տեղեկատվական և հեռահաղորդակցության ցանցը, առանց նշելու, որ այդ նյութերն արտադրվել են, տարածվել են օտարերկրյա գործակալի կողմից կամ առնչվում են օտարերկրյա գործակալի գործունեությանը») ու նրա համար նշանակել 30,000 ռուբլու տուգանք»,- հայտնել են դատարանից։
Պատճառը սոցցանցերում երգչուհու հրապարակումների վրա «օտարերկրյա գործակալի» մակնշման բացակայությունն է եղել։
Հունիսի 16-ին դատարանը Գիրդիմովային տուգանել էր 30 հազար ռուբլով նման իրավախախտման համար:
Հունվարին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Գիրդիմովան ներառել է օտարերկրյա գործակալների ռեգիստրում։ Ըստ գերատեսչության՝ երգչուհին ֆինանսական աջակցություն է ստացել արտասահմանյան աղբյուրներից, միջոցներ է հավաքել Ուկրաինային աջակցելու համար, դեմ է արտահայտվել հատուկ ռազմական գործողությանը։ Այժմ նա ապրում է Ռուսաստանից դուրս։