Թուրքիայի մարմնավաճառները ՄԱԿ-ից անվճար պահպանակներ են խնդրել
Թուրքիայի առողջապահության նախարարությունն արդեն դադարեցրել է անվճար պահպանակներ տրամադրել սեռական հարաբերությունների միջոցով գումար վաստակող իր քաղաքացիներին: Դա զայրացրել է վերջիններիս և նրանք «Վարդագույն կյանք ԼՏԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համերաշխության ասոցացիայի» միջոցով դիմել են ՄԱԿ-ին' ասելով «նախարարությունը չի տրամադրում անվճար պահպանակներ, դուք տրամադրեք»: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ասոցացիայի նախագահ Բուսե Քըլըչքայան տեղեկացրել է, որ 2006 թվականին Թուրքիան «Գլոբալ ֆոնդ»-ից ստացել էր 3.9 մլն դոլար դրամաշնորհ, որի մի մասը բաժանվել էր համապատասխան միություններին:«Այդ ժամանակ մեծ քանակությամբ պահպանակներ էլ տրամադրվեցին, որոնք բաժանվեցին միություններին: Դա որոշակիորեն հանդարտեցրեց մասնավորապես ՄԻԱՎ վարակի վտանգին ենթարկված աշխատողներին»,- ըստ թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի' ասել է Քըլըչքայան:
Ու քանի որ հիմա Թուրքիայի առողջապահության նախարարությունը զլանում է տրամադրել անվճար պահպանակներ, սեքս-բիզնեսի ոլորտում աշխատողների' ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը մեծացել է: Բայց ՄԱԿ-ին հղված դիմումը չի բավարարվել' պատճառաբանությամբ, որ դա ՄԱԿ-ի գործառույթների շրջանակներում չի գտնվում: Խնդիրը մնում է չլուծված:
Պաշտոնական տվյալներով' Թուրքիայում 2013-ի միայն առաջին կիսամյակում ՄԻԱՎ վարակակիր է դարձել 587 մարդ: Ոչ պաշտոնական տվյալներով' Թուրքիայում 20 հազար մարդ վարակված է ՄԻԱՎ-ով: