Ֆրանսիան և Իտալիան սկսել են համաքաղաքացիներին տարհանել Նիգերից
Նիգերում ռազմական հեղաշրջումից հետո ստեղծված իրադրության ֆոնին Ֆրանսիայի իշխանություններն սկսել են Նիգերից հայրենակիցների տարհանումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը:
«Հաշվի առնելով Նիամեյում ստեղծված իրադրությունը, նախանցած օրը մեր դեսպանատան դեմ ագրեսիան և օդային տարածքի փակումը, որը մեր համաքաղաքացիներին զրկում է երկիրն իրենց ուժերով լքելու հնարավորությունից, Ֆրանսիան պատրաստում է իր քաղաքացիների և ԵՄ-ի այն քաղաքացիների տարհանում, որոնք ցանկանում են լքել երկիրը։ Տարհանումը կսկսվի այսօր», - գերատեսչության հայտարարությունից մեջբերում է РИА Новости-ն։
Իտալիայի ԱԳՆ-ն նույնպես հայտարարել է Նիգերից համաքաղաքացիների տարհանման մասին։ Դեսպանատունը մնում է բաց։
Հուլիսի 30-ին հազարավոր մարդիկ Նիգերում ակցիայի էին դուրս եկել ընդդեմ Ֆրանսիայի և Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, ինչպես նաև ի պաշտպանություն «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի», որը ձևավորվել է պետական հեղաշրջման մասնակիցների կողմից:
Անցյալ շաբաթ Նիգերում նախագահական պահակախումբը խռովություն կազմակերպեց, հանդես եկավ ազգային հեռուստատեսությամբ և հայտարարեց պետության ղեկավար Մոհամեդ Բազումի պաշտոնանկության, սահմանների փակման և պարետային ժամ մտցնելու մասին։
Խռովարարները Փարիզին մեղադրել են ռազմական միջամտության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։ Ակցիաների ժամանակ ցուցարարները հրկիզել են Ֆրանսիայի դեսպանատան դուռը և փորձել ներխուժել շենք, սակայն ոստիկանները հետ են պահել նրանց։
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն սպառնացել է անհապաղ պատասխան տալ, եթե Նիգերում ֆրանսիացիները գրոհի ենթարկվեն: