Իրանը Թուրքիային կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարին, որը այս մասին հայտնել է Թեհրանում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ կայացած բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
«Առաջարկվում է, որ Թուրքիայի զինված ուժերը լքեն Սիրիայի տարածքը և վերադառնան իրենց սահմանամերձ շրջաններ՝ ըստ ժամանակացույցի», - նրա խոսքը մեջբերում է իրանական Fars գործակալությունը: «Տրամաբանությունն այն է, որ Սիրիայից թուրքական զինված ուժերի դուրսբերման հետ միաժամանակ ապահովվի ընդհանուր սահմանների անվտանգությունը», - շարունակել է նա: «Իրանն ու Ռուսաստանը շարունակում են իրենց ջանքերը որպես միջնորդներ և երաշխավորներ այս ուղղությամբ», - նշել է նախարարը:
«Մենք կարծում ենք, որ Սիրիայում օտարերկրյա պետությունների ուժերի ներկայությունը չի նպաստի այդ երկրում կայունությանն ու անվտանգությանը<...>: Մենք լավ հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունը Սիրիայի հետ սահմանների անվտանգության վերաբերյալ, սակայն կարծում ենք, որ ռազմական ներկայությունը Սիրիայում լուծում չէ», - հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարը ։ «Քառակողմ ձևաչափով (Ռուսաստան, Սիրիա, Թուրքիա և Իրան) հանդիպումները համարում ենք ամենահարմար դիվանագիտական ճանապարհը սիրիա-թուրքական ընդհանուր սահմանին անվտանգության հաստատման և համաձայնեցման համար», - հավելել Է Աբդոլլահիյանը:
Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբը դրվել է 2022 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում, երբ տեղի են ունեցել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունները: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի ուշ բանակցություններին միացել է Իրանը։
Մայիսի 10-ին Մոսկվայում ՌԴ-ի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպման արդյունքում որոշում է կայացվել տեղակալներին հանձնարարել պատրաստել Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ: Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով հունիսի 20-21-ը կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ճանապարհային քարտեզի նախագիծը, հայտնել է սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը: Նա հավելել է, որ փաստաթուղթը հետագա ձևակերպում է պահանջում: