Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան քայլեր կձեռնարկի Ղուրանի պղծումը կանխելու ուղղությամբ
Թուրքիան Շվեդիայից կոնկրետ քայլեր է ակնկալում մուսուլմանների սուրբ Ղուրանը պղծելուն ուղղված գործողությունները կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ հեռախոսազրույցում, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Ընդգծվել է, որ խոսքի ազատության քողի տակ նման գործողությունների շարունակությունն անընդունելի է, և նշվել է, որ Շվեդիայի կառավարությունից կոնկրետ քայլեր են ակնկալվում դրանք հետագայում կանխելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։ Անկարան նախկինում բազմիցս հայտարարել է, որ ակնկալում է, որ Ստոկհոլմը կկատարի ահաբեկչության դեմ պայքարում ստանձնած պարտավորությունները, ինչը նախատեսված է երկրների կողմից ստորագրված հուշագրով։
Թուրքիայի իշխանությունները չափազանց սուր են արձագանքում եվրոպական երկրներում, մասնավորապես՝ Դանիայում և Շվեդիայում Ղուրանը պղծելուն ուղղված գործողություններին։