ՖԻԴԵ-ն անարդար է հայազգի շախմատիստների նկատմամբ․ Մանուկյան
Այսօրվանից Բաքվում սկսում է շախմատի աշխարհի գավաթը: Շախմատի աշխարհի գավաթի հաղթողն ավտոմատ ընդգրկվում է աշխարհի թագի հավակնորդների կազմում, հետևաբար այն, որպես կանոն, ուժեղ կազմ է հավաքում:
Սակայն, մրցաշարին չեն մասնակցում Հայաստանի պատվիրակները, ինչպես նաև ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սեվյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Armenia Eagles շախմատի թիմի հիմնադիր և ղեկավար Արտակ Մանուկյանը։
«Իմ կարծիքով, ՖԻԴԵ-ն բավարար ջանքեր չգործադրեց հայազգի շախմատիստների մասնակցության համար:
Ընդհանրապես ՖԻԴԵ-ն բավական անարդար է հայազգի շախմատիստների նկատմամբ (հիշեցնենք առցանց օլիմպիադայում տեղի ունեցած սկանդալը):
Չեմ ուզում շատ խորանամ խարդավանքների տեսության մեջ, սակայն չմոռանանք, որ ներկայումս ՖԻԴԵ-ում մեծ դերակատարում ունի Բաքվում ծնված Էմիլ Սուտովսկին:
Վերադառնալով մրցաշարին պետք է նշեմ, որ չնայած, բացի հայազգի շախմատիստներից, մի խումբ այլ ուժեղ շախմատիստներ ևս չեն մասնակցում աշխարհի գավաթին, սակայն մասնակցում է շախմատային աշխարհի առաջատար Մագնուս Կառլսենը, ինչը հավելյալ հետաքրքրություն կառաջացնի շախմատային աշխարհում:
Տարօրինակ է, որ մասնակիցների մեջ մի խումբ շախմատիստներ խստորեն դատապարտում են Ռուսաստանին, սակայն անհաղորդ են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի նկատմամբ Բաքվի իրականացրած անմարդկային վերաբերմունքի հանդեպ»,- գրել է Մանուկյանը: