Տասնյակ զոհեր և վիրավորներ․ ի՞նչ է կատարվում Ռուսաստանում
Ռուսաստանի Դաշնության Մերձվոլգյան դաշնային շրջանում վատ եղանակի պատճառով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 67-ը։
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Երեկվանից Մերձվոլգայի դաշնային շրջանի 8 սուբյեկտների (Թաթարստանի, Մարի Էլի, Չուվաշիայի հանրապետությունների, ինչպես նաև Նիժնի Նովգորոդի, Պենզայի, Ուլյանովսկի, Կիրովի և Սամարայի մարզերի) տարածքում ներթափանցել են օդերևութաբանական վտանգավոր երևույթներ, որոնք ուղեկցվում են ուժգին քամիներով։
Այս պահի դրությամբ, տուժել է 76 մարդ, որից 9-ը մահացել են»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ ցիկլոնը կշարունակի ազդել Թաթարստանի, Մարի Էլի, Բաշկիրիայի, Չուվաշիայի հանրապետությունների, ինչպես նաև Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Կիրովի, Սարատովի և Ուլյանովսկի մարզերի վրա։
Այնտեղ սպասվում են հորդառատ անձրևներ և քամու ուժգնացում մինչև 28 մ/վրկ։