Պրիշտինան փորձում է հակամարտություն առաջացնել Սերբիայի և ՆԱՏՕ-ի միջև. Վուչիչ
Չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտինը ձգտում է հասնել Սերբիայի և ՆԱՏՕ-ի զինված բախման, պաշտոնական Բելգրադն ամեն կերպ փորձում է պահպանել խաղաղությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է TV Prva-ի եթերում:
«Ալբին Կուրտինն արդարացում է փնտրում իր ասած անիմաստ բաների համար և ցանկանում է Սերբիային ներքաշել ՆԱՏՕ-ի հետ հակամարտության մեջ: Մենք պետք է խուսափենք դրանից», -ասել է Սերբիայի ղեկավարը։
Ըստ Վուչիչի՝ քաղաքացիները չպետք է անհանգստանան, քանի դեռ նրան չեն տեսել զինվորական համազգեստով:
«Մենք մեծ աշխատանք և էներգիա ենք ներդնում և երբեմն լռում ենք Պրիշտինայից կատարվող վայրագությունների մասին, հետևաբար մենք մեղմորեն արձագանքում ենք ոչ թե այն պատճառով, որ դա մեր թուլության նշանն է, այլ որովհետև դա մեր պատասխանատվության և լրջության նշանն է։ Իսկ կստացվի թե ոչ՝ դեռ կտեսնենք»,-ընդգծել է Սերբիայի նախագահը:
Միևնույն ժամանակ նա անդրադարձել է նաև երկրի պաշտպանունակության ամրապնդմանը՝ բանակի արդիականացման և վերազինման համար միլիարդավոր եվրոների ներդրման միջոցով: