Գյումրիում տեղի ունեցավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը
Գյումրու Շախմատի տանը հուլիսի 28-ին տեղի ունեցավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վիճակահանությունը կատարվեց ֆուտբոլի, ֆուտզալի, բասկետբոլի, վոլեյբոլի, լողափնյա վոլեյբոլի թիմերի միջև։
«Թիմերը բավականին շատ են, մոտ 170 թիմ է այս պահի դրությամբ գրանցվել։ Ամենաշատ թիմ գրանցվել է ֆուտզալում՝ 48 երկիր, իսկ բասկետբոլում ու ֆուտբոլում՝ 28- ական»,- նշեց Համահայկական խաղերի գլխավոր մրցավար Նարինե Շախբազյանը՝ տեղեկացնելով, որ բավական շատ մասնակիցներ կան այս տարի խաղերին ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերից։ Նախորդ տարվա համեմատ այս տարի երկու՝ կանանց ֆուտզալի ու ֆուտբոլի մարզաձև ավելացել են։
Խաղերի մրցավարները ընտրված են ֆեդերացիաների կողմից։ Կան նաև միջազգային մրցավարներ: «Փորձը ցույց է տվել, որ արդեն ութերորդ տարին է բարձր մակարդակով ու պատշաճ ձևով են անցկացվում բոլոր մրցումները։ Այս պահի դրությամբ ունենք 18 գլխավոր մրցավար, և ամեն մի գլխավոր մրցավար ունի իր թիմի կազմը՝ ընդհանուր 500 մրցավար»,- նշեց Նարինե Շախբազյանը՝ խոստանալով արդար մրցումներ նաև այս խաղերում։
«Այս վիճակահանությունը ցույց տվեց, որ ամեն ինչ արդար ու թափանցիկ է իրականացվում։ Այստեղից է սկսվում արդար պայքարը»,- նշեց գլխավոր մրցավարը՝ տեղեկացնելով, որ խաղարկվելու է մեդալների մոտ երեք հարյուր հավաքածու։
Օգոստոսի 5-19-ը կայանալիք համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրու քաղաքային մարզադաշտում։ Շիրակի մարզում նախատեսվում է կազմակերպել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։ Գյումրիում օգոստոսի 6-ին տեղի կունենան սպորտային պարերի մրցումները։ Մյուս մարզաձևերից մրցումները կանցկացվեն օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 18-ը։
Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն նաև Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։ Փակման արարողությունը տեղի կունենա Երևանում։