Ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ է մեզ մոտ իրավիճակ փոխվում, արդեն վառելիքի լուրջ խնդրի առաջ ենք կանգնել․ ԱՀ առողջապահության նախարար․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Առողջապահության ոլորտում ճգնաժամը խորանում է: Որոշ դեպքերում՝ ողբերգական զարգացումները հնարավոր են դառնում կանխել՝ միայն ոլորտի ներկայացուցիչների անձնուրաց աշխատանքի շնորհիվ: Սակայն, արդեն նաեւ դեպքեր ունենք, երբ դա էլ չի փրկել: Մարդիկ մահացել են՝ ժամանակին բուժօգնություն չստանալով: Պատճառը՝ ոչ ավել, ոչ պակաս, վառելիքի պակասն է, տվյալ դեպքում՝ բացակայությունը: Առողջապահության ոլորտում առկա իրական իրավիճակը «Իրավունքի» հետ զրույցում ներկայացնում է ԱՀ առողջապահության նախարար Սամվել Թադևոսյանը.
— Ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ է մեզ մոտ իրավիճակ փոխվում, մենք արդեն վառելիքի լուրջ խնդրի առաջ ենք կանգնել: Շտապօգնության մեքենաների տեղաշարժը գրեթե մաքսիմալի է հասել, չենք կարողանում հեռավոր գյուղեր գնալ կանչերի, իսկ մոտակա գյուղեր էլ ծայրահեղ վատ վիճակ պետք է լինի, որ կարողանանք սպասարկել: Առաջիկա օրերին կարող է առհասարակ վառելիքը սպառվի, ու աղետը հենց այդ ահից կսկսի մեզ խժռել:
Հատկապես օրհասական է ծերերի ու հղիների վիճակը, վաղաժամ ծննդաբերությունները, մեռելածնություններն ու վիժումների դեպքերը շեշտակի աճել են, իսկ պատճառը թերսնումն է: Առաջիկա օրերին դիալեզ ստացող հիվանդներին այլեւս չենք կարող համապատասխան բուժօգնություն ցուցաբերել, որովհետեւ սպառվում են բոլոր պաշարները, իսկ համապատասխան դիալեզի չափաբաժինը չստանալու պարագայում, կարծում եմ, գիտակցում եք, թե ինչ անելանելի վիճակի առաջ կարող ենք կանգնել:
Չենք կարողանում պատշաճ վիրահատություններ իրականացնել, պլանայինի մասին էլ չեմ խոսում, մենք այս իրավիճակով կանգնելու ենք առողջապահական լուրջ աղետի առաջ, որի մասշտաբների մասին անգամ վախենում եմ բարձրաձայնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։