Բացվել է «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը
Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության «Ստեղծագործ Եվրոպա 2023-2027 թթ․» համաձայնագրի շրջանակում տեղի է ունեցել «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններ, Հայաստանի մշակութային դաշտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ։
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանյան մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպություններին՝ ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի այլ կազմակերպությունների հետ, խթանել շփումները մշակույթի գործիչների միջև և զարգացնել մշակութային բազմազանությունը Հայաստանում: Ծրագրի շրջանակում տրամադրվում են դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի և մի շարք այլ ոլորտներում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին գրասենյակի բացման կապակցությամբ՝ այն համարելով Հայաստանի մշակութային կյանքում կարևոր իրադարձություն:
«Հայաստանի և Եվրոպական միության գործընկերային կապերը տարեցտարի է՛լ ավելի են զարգանում. դրա մասին է վկայում նաև այսօրվա ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրը: Այսպիսով, մենք ոչ միայն եվրոպական արժեհամակարգի կրողն ենք, այլև մեզ համարում ենք եվրոպական մեծ քաղաքակրթական ընտանիքի անդամ,-ասել է նախարարը և հավելել,- «Ստեղծագործ Եվրոպա 2023-2027 թթ․» համաձայնագրի շրջանակում մշակութային համագործակցության հիմքում դրված նպատակներն ամբողջովին համահունչ են «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությանը»»:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ թե՛ ռազմավարության, թե՛ համաձայնագրի առանցքային նպատակներն են մշակութային կյանքի հասանելիությունը և ներառականությունը, մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացումը, դրանց զարգացման և ստեղծագործողների կարողությունների դրսևորման ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը, Հայաստանի դիրքավորումը՝ որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող ու ստեղծող երկիր և այլն:
«ԿԳՄՍ նախարարությունը մեծապես կարևորում է գրասենյակի առաքելությունը՝ ուղղված եվրոպական մեծ մշակութային տարածքում միջմշակութային կապերի զարգացմանը և կշարունակի շարունակական աջակցություն ցուցաբերել տեղեկատվական կենտրոնի գործունեությանը: Մաղթում եմ աշխատանքային խմբին անխափան գործունեություն, իսկ ստեղծարար ոլորտի հանրությանը՝ հաջողված նախագծերի իրականացում Եվրամիության մշակութային դաշտում»,- եզրափակել է խոսքը Ժաննա Անդրեասյանը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա ընդգծել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կարևորությունը հստակ գործիքակազմի, աջակցող մեխանիզմների առկայության տեսանկյունից և նշել՝ ճիշտ համակարգման պարագայում գրասենյակի գործունեությունը կգրանցի շարունակական հաջողություններ:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս շնորհավորել է «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի բացման առթիվ՝ այն համարելով կարևոր քայլ մշակույթի ոլորտի բոլոր նախաձեռնություններում: Ըստ դեսպանի՝ ծրագրի նպատակն է թիրախավորել մշակույթի ոլորտում առկա կարիքները և ապահովել մշակութային բազմազանությունը Հայաստանում:
«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերը կնպաստեն գրասենյակի առաքելության իրականացմանն ու ոլորտի զարգացմանը:
Բացման արարողությունն ուղեկցվել է տաղանդավոր պատանի երաժիշտների (քանոնահարներ) համերգային կատարմամբ: