Ոստիկանական գվարդիայի ձևավորման հայեցակարգային ուղղությունների քննարկումները շարունակվում են
Հուլիսի 26-ին Երևանում անցկացվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթին նվիրված բազմաշահառու երկրորդ քննարկումը, որին մասնակցում էր ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այդ մասին ասված է ՀՀ ՆԳՆ Ֆեյսբուքի էջում:
«Քննարկմանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության զորքերի, ոստիկանության շտաբի ղեկավար անձնակազմը, ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՆԳ նախարարության ռազմավարական նպատակադրումները , մասնավորապես՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի ընդունման հայեցակարգային հիմքերը։
Քննարկվեցին գործող օրենսդրության ինստիտուցիոնալ և գործառութային խնդիրները, առաջարկվեցին համապատասխան լուծումներ։
Մասնակիցները քննարկեցին հայեցակարգային փաստաթղթի վերաբերյալ այլ առանցքային հարցեր ևս։
Քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից»,- նշված է գրառման մեջ։