Հայաստանից տրվելու են անկլավներ, այդ տարածքներում 85-100 հազար ադրբեջանցի է բնակեցվելու. Օսկանյան (Տեսանյութ)
Այն, ինչ այսօր արվում է Հայաստանի իշխանությունների կողմից, կարող է բերել պատերազմի, այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, իրատեսական չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Ըստ նրա՝ ինչի մասին, որ այսօր բանակցում են իշխանությունները, բերելու է Արցախի լուծարմանը։
«Հայաստանից տրվում են անկլավներ՝ տարածքներ, որոնք էապես ազդելու են մեր անվտանգության վրա։ 85-100 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են այդ տարածքներում, սրանք լրջագույն խնդիրներ են։ Փաստորեն, Արցախն իր բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ, իսկ 100,000 ադրբեջանցի, որոնք գալու են Հայաստան, նրանք ոչ թե լուծարվելու են մեր մեջ, այլ, հավանաբար, նրանք լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությանն իրենց մեջ»,- տեսակետ հայտնեց նախկին պաշտոնյան։
Դիվանագիտը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո նման լուծման հապճեպ գնալը, նոր հակամարտության դուռ է բացելու։
«44-օրյա պատերազմի պատճառներից մեկն այն էր, որ դուք անիրատեսական ակնկալիքներ առաջացրեցիք հակառակորդի մոտ, իսկ երբ դա տեղի չունեցավ, նրանք ստիպված էին գնալ պատերազմի ու այս պարագայում միջնորդները ոչինչ չեն կարող անել»,- դիմելով իշխանություններին՝ նշեց նախկին նախարարը։
Վարդան Օսկանյանը Նիկոլ Փաշինյանին դարձյալ կոչ արեց լռել։