Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պուտինի ձերբակալության հրաման տված ՄՔԴ-ի դատավորին
Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավոր Տոմոկո Ականեին, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների հարցերով օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման է տվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության որոնողական բազան։
«Տոմոկո Ականե։ Ճապոնուհի։ Հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի հոդվածով», - ասվում է տվյալների բազայում։ Իսկ թե կոնկրետ որ հոդվածի համար է Ականեն հետախուզվում, չի նշվում։
Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին և ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման է տվել՝ նրանց մեղադրելով ենթադրյալ ռազմական հանցագործությունների, մասնավորապես՝ «բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանման և նրանց ապօրինի կերպով Ռուսաստան տեղափոխելու մեջ»։
Մարտի 20-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՄՔԴ դատախազ Քարիմ Ահմադ Խանի և դատավորներ Ռոսարիո Սալվատորե Այտալայի, Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի և Տոմոկո Ականեի դեմ՝ համարելով, որ նրանց գործողություններն անօրինական են, քանի որ հիմքեր չկան ՌԴ նախագահին և երեխաների հարցերով օմբուդսմենին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Քարիմ Խանին և Ռոսարիո Այտալային մեղադրանք էր առաջադրվել և հետախուզում հայտարարվել մայիսին։