Ալթայում Մի-8 ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր և վիրավորներ
Ալթայի Հանրապետությունում վթարի է ենթարկվել Մի-8 ուղղաթիռ՝ բախվելով էլեկտրահաղորդման գծին։ Ավիավթարի հետևանքով զոհվել է 6 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ТАСС-ին հայտնել են բժշկական ծառայություններում։
«Ուղղաթիռում եղել են 13 ուղևոր, երեք օդաչու: Ութ մարդ վիրավորվել է, նրանցից երեքը ծանր վիճակում են, (մարմնի) 90 տոկոս այրվածքներով», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի ուշ Интерфакс գործակալությունը, հղում անելով Ալթայի Հանրապետության վարչակազմի աղբյուրին, նշել է, որ ավիավթարի հետևանքով 10 մարդ է վիրավորվել։
Ավիացիոն ծառայությունների տվյալներով՝ ինքնաթիռում եղել են զբոսաշրջիկներ։
Միջադեպը տեղի է ունեցել Գորնո-Ալթայսկից 200 կմ հարավ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաստատել են ուղղաթիռի կործանման փաստը՝ հայտնելով, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Դեպքի վայր են մեկնել նաև շտապօգնության ծառայությունները։
Արտակարգ ծառայություններում նաև հայտնել են, որ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է։ Նախնական տվյալներով՝ տեղում զոհեր և ավերածություններ չկան։ Դեպքի վայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է 150 քմ տարածքում։
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ տուժածներին ուղղաթիռով կտեղափոխեն Բառնաուլ: