Ռուսաստանը շարունակում է Թուրքիայի հետ շփումները հացահատիկի մատակարարումների շուրջ․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են շփումները հացահատիկի գործարքի և կարիքավոր երկրներին պարենային մատակարարումների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը։
«Հացահատիկի գործարքի շուրջ թուրքական կողմի հետ շփումները շարունակվում են: Քննարկվում են այնպիսի քայլերի հնարավորությունները, որոնք ուղղված կլինեն գլոբալ պարենային անվտանգության ապահովմանը և կարիքավոր երկրներին մատակարարումներին՝ առանց այն շեղումների, որոնք հատուկ էին սևծովյան նախաձեռնությանը», - ասել է Վերշինինը:
Սև ծովում քաղաքացիական փոխադրումները քիչ հավանական են առանց Սևծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում տրված անվտանգության երաշխիքների, կարծում է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Բացի այդ, ըստ Վերշինինի, քաղաքացիական նավերի օգտագործումը փոխադրումների իրականացման համար, հաշվի առնելով ապահովագրական սակագների աճը, շատ ծախսատար է, և քիչ հավանական է, որ ինչ-որ մեկը դա կանի։
Մոսկվան հացահատիկի գործարքը հուլիսի 17-ի վերջնաժամկետից հետո չի երկարաձգել՝ հայտարարելով, որ Ռուսաստանի մասով պայմանավորվածությունները չեն իրագործվել։