Կիմ Չեն Ընը բանակցություններ է վարել Սերգեյ Շոյգուի հետ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԿԺԴՀ կատարած այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ մտքեր է փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին Փհենյան կատարած այցի ընթացքում ընդունել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը։ ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ զրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ», - հաղորդել են ռազմական գերատեսչությունում։
Պաշտպանության նախարարությունում հավելել են, որ հուլիսի 27-ին Շոյգուն նաև կմասնակցի զորահանդեսին: Այն նվիրված է 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ավարտի 70-ամյակին, որը Հյուսիսային Կորեայում նշում են որպես հաղթանակի տոն։
Իր հերթին ԿԺԴՀ-ի կենտրոնական լրատվական գործակալությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում Կիմ Չեն Ընը Սերգեյ Շոյգուին ցույց է տալիս հյուսիսկորեական նոր անօդաչու թռչող սարքեր։ Կիմ Չեն Ընը Շոյգուի և ՌԴ զինվորական պատվիրակության անդամների հետ այցելել է ռազմաարդյունաբերական ցուցահանդես։