«Կտոր մը մարդ եղեք...». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու ազգականները երեկ բողոքի ցույց էին անում: Ծայրահեղ հուսահատության եզրին հասցված մեր հայրենակիցները, ի նշան բողոքի, ավելի շուտ՝ իրենց խնդիրները լսելի դարձնելու աղոտ ակնկալիքներով, փակել էին Բաղրամյան պողոտան: Թողնենք հարցերը, թե այդպիսով հնարավո՞ր է հասնել խնդրի լուծման, կամ արդյո՞ք դա պայքարի այն եղանակն է, որը պետք էր կիրառել: Մեր երկրում կա իշխանություն, որը հենց այդպես՝ փողոց փակելով է իշխանություն վերցրել: Ըստ որում, հիմա փողոց փակելով բողոքի ակցիա անելը համարում է... «ադրբեջանական գործառույթ»: Այդ մետամորֆոզը, իհարկե, ավելի շուտ բնորոշում է հենց իրենց, այլ ոչ թե՝ այսօր փողոց փակելով իրենց հուզող խնդիրները բարձրացնողներին:
Բայց դա էլ առայժմ մի կողմ դնենք: Ասելիքը այնպիսի խայտառակ երևույթի մասին է, որ դրսևորվեց նաև երեկվա նշված ակցիայի ընթացքում: Բոլորս տեսանք, որ ինչ-որ անձինք, ամենայն հավանականությամբ՝ իշխանության կողմից հատուկ ուղարկվածներ, մոտենում էին անհետ կորած զինվորների մայրերին ու կոպտում, վիրավորում, մեկը նույնիսկ փորձեց աքացի տալ, մեկ ուրիշը տխմարագույն ու վիրավորական բաներ ասաց, թե՝ «գնացեք Բաքվում ցույց արեք...»: Էլի ենք ասում՝ թող ԱԱԾ-ն կամ իրավապահ մարմինները պարզեն, թե ովքեր էին այդ անձինք, եթե իրենց ուղարկած սադրիչները չէին: Բայց հարցը դիտարկենք զուտ անհատական, մարդկային հարթության վրա, մանավանդ, առաջին անգամ չեն նման դրսևորումներ լինում: Այդպիսիք կային նաև Արցախի հարցով տարբեր ցույցերի ժամանակ: Եվ ընդհանրապես...
Այսինքն, կան անձինք, որ իրենց՝ «գործից չուշանալը», իրենց՝ կոմֆորտը, իրենց անձնական հարմարությունն այն աստիճան վեր են դասում անհետ կորած կամ զոհված զինվորների ծնողների բարձրացրած խնդիրներից, բողոքի ցույցից, ցավից ու վշտից, վերջապես Հայրենիքից: Կարևորը՝ անձամբ իրենց քիթը չի արնել, անձամբ իրենց տղան կամ հայրը չի զոհվել, վիրավորվել, անհետ կորել ռազմի դաշտում: Անձամբ իրենց բան չի եղել, «ուրիշին» է եղել: Կարևորը՝ հիմա իրենց փորը կուշտ է...
Բայց, այ, եթե անձամբ իրենց հետ պատահի ու այդժամ էլ իրենք մենակ մնան իրենց վշտի մեջ, ասելու են, թե՝ այս ի՜նչ մարդիկ են, այս ի՜նչ հասարակություն է՝ մոռանալով, որ իրենք կոպտում ու նույնիսկ փորձում էին հարվածել զոհված կամ անհետ կորած զինվորի ծնողին... Դրա համար ենք հիշեցնում հայտնի խոսքը՝ «Կտոր մը մարդ եղեք...»: Ավելին չենք էլ ակնկալում, ընդամենը՝ կտոր մը: Սկզբի համար դա էլ կբավարարի՝ մարդահաշվի շարքից դուրս չընկնելու համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: