Համաշխարհային ֆինանսներում դոլարն օգտագործվում է որպես քաղաքական պայքարի գործիք․ Պուտինը՝ BRICS-ի բանկի ղեկավարին
BRICS-ի երկրները (Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը - Tert.am) բարեկամներ չեն ինչ-որ մեկի դեմ, այլ աշխատում են միմյանց շահերից ելնելով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS բանկի (Նոր զարգացման բանկ) նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ հանդիպմանը, գրել է Ъ-ն։
Նա նաև ասել է, որ համաշխարհային ֆինանսներում դոլարն օգտագործվում է որպես քաղաքական պայքարի գործիք։
«Այսօրվա պայմաններում դա հեշտ չէ անել՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային ֆինանսներում, և երբ դոլարն օգտագործվում է որպես քաղաքական պայքարի գործիք»,- ասել է Պուտինը։
«Դե, մեր կազմակերպության՝ BRICS-ի անդամները, բարեկամներ չեն ինչ-որ մեկի դեմ, նրանք աշխատում են միմյանց շահերից ելնելով»,- շարունակել է ՌԴ նախագահը։ «Սա վերաբերում է նաև ֆինանսական ոլորտներին»,- ասել է նա։
Ռուսեֆը «Հնգյակի» բանկի նոր ղեկավար է ընտրվել 2023 թվականի մարտի 24-ին, իսկ 2011-2016 թվականներին եղել է Բրազիլիայի նախագահը։
Հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենում Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովը։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ գագաթնաժողովին կժամանեն աֆրիկյան մայրցամաքի 49 երկրների պատվիրակություններ, որոնցից 17-ը ներկայացված կլինեն ամենաբարձր մակարդակով։ ՌԴ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ գագաթնաժողովում հացահատիկի գործարք կքննարկվի։