Դանիայում կրկին Ղուրան են այրել
Դանիայի մայրաքաղաքում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ այրել են մուսուլմանների Սուրբ Գիրքը՝ Ղուրանը: Մեկն այրել են հուլիսի 24-ին՝ Կոպենհագենում Իրաքի դեսպանատան մոտ, երկրորդը՝ հուլիսի 25-ին՝ Եգիպտոսի դեսպանատան մոտ, իսկ երրորդը հուլիսի 26-ին դանիացի աջ ծայրահեղականները Սուրբ Գիրքը պղծել են Պակիստանի դեսպանատան մոտ:
Իրաքի ԱԳՆ-ն, մեկնաբանելով ակցիան, նշել է, որ նման գործողությունները թույլ են տալիս ծայրահեղականությանն ու ատելությանը վտանգել համայնքների խաղաղ գոյակցությունը։
Հուլիսի 31-ին Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) Իրանի և Իրաքի առաջարկությամբ արտահերթ ժողով է գումարելու, որում առաջնահերթ քննարկվելու են Շվեդիայում և Դանիայում Ղուրանն այրելու դեպքերը։
2017 թվականին Դանիան չեղյալ է հայտարարել 1683 թվականին ընդունված կրոնի սրբապղծության մասին օրենքը։ Խորհրդարանը պարզաբանել է, որ անհրաժեշտ չի համարում հատուկ օրենքներով հավատը պաշտպանել այս կամ այն բաց հայտարարություններից: