Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի ամուր համագործակցությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային տարրերից է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում անդրադարձել է Բաքվի և Մոսկվայի ռազմավարական զարգացող հարաբերություններին։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս հնչեցրած հայտարարությանը, թե ՌԴ-ի հետ հարաբերություններն ամրապնդվում են դաշնակցային համագործակցության հռչակագրի ստորագրումից հետո, Զախարովան նշել է, որ կիսում են երկկողմ հարաբերությունների նման բարձր գնահատականը։
«Ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի ստորագրումից հետո մեր կապերը զարգանում են նոր մակարդակով։
Մենք միմյանց հետ փոխգործակցելով աշխատում ենք, որ ռազմավարական փաստաղթղթի ներուժն ամբողջությամբ բացահայտվի և համագործակցությունն ունենա համապարփակ բնույթ։ ՌԴ-ի և Ադրբեջանի ամուր ու սերտ համագործակցությունը Հարավային Կովկասում կայունության առանքային տարրերից է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Ալիևը վերոնշյալ հայտարարությունը հնչեցրել էր օկուպացված Շուշիում կազմակերպված մեդիաֆորումի ժամանակ, որին մասնակցել են նաև ռուսական պետական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։