«Ամաչեցի, որ 56 տարեկանում երեխա եմ ունեցել»․ հայտնաբերվել է պոլիէթիլենի տոպրակով մատուռում նորածնին լքած մայրը
Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին տղա երեխային թողած կնոջը: Այս տեղեկությունը Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։
Գյուղի բնակիչներից մեկը MediaHub-ին հայտնել է՝ պարզվել է, որ կինը մատուռի հարևանությամբ է ապրում, այսինքն նույն գյուղի բնակիչ է: Կինն ապրում է որդիների և թոռների հետ:
Լրատվամիջոցին հասած տեղեկություններով, երբ վերջինիս հայտնաբերել են, նա ինքնախոսոտվանական ցուցմունք է տվել և ասել, որ ամաչել է իր տարիքում` 56 տարեկանում երեխա ունենալուց, քանի որ իր հետ ապրում են տղաներն ու թոռները: Դա է պատճառը, որ գնացել է այդ քայլին: Կայքի տեղեկություններով՝ Շողիկ Մ.-ն քննչականում հայտնել է, որ hղիության մասին ոչ ոք չի իմացել:
Հավելենք, որ Auroranews-ի հետ զրույցում ՔԿ-ից միայն հաստատեցին տեղեկությունը և հայտնեցին, որ այս պահին քննչական գործողություններ են ընթանում: ՔԿ-ից նշեցին, որ հանգամանքների վերաբերյալ և անձնական որևէ տվյալներ այս պահի դրությամբ քննության շահերից ելնելով նպատակահարմար չեն համարում հրապարակել։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա էր հայտնաբերվել։ Ոստիկանները նշված վայրում մատուռի հարևանությամբ հայտնաբերել են դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ տղա երեխային։ Նա ծնվել էր վաղաժամ՝ հղիության 6-րդ ամսում: Նույն օրը երեխան, ցավոք, մահացել է։