SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնը կանցկացվի օգոստոսին
SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 20-27-ը։ Փառատոնի հիմնական հարթակը Երևանում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն է։ Երրորդ փառատոնի շրջանակներում Գյումրիում նույնպես կներկայացվի 2 պարային ներկայացում։
Օգոստոսի 23-ին, ժամը 19:30 Գյումրու պետական դրամատիկական թատրոնում Ռուսաստանի ժամանակակից պարի թատրոն Kannon Dance Theatre-ի կողմից կներկայացվեն «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա) ներկայացումները։
Օգոստոսի 24-ին, ժամը 19:30 Ստանիսլավսկու թատրոնում Kannon Dance Theatre-ը կներկայացնի «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «The Cube Untold» (պարուսույց՝ Իգոր Կիրով, Մակեդոնիա) ներկայացումները։
Օգոստոսի 25-ին, ժամը 19:30 Ստանիսլավսկու թատրոնում Ֆրանսիայից Wang Ramirez Company-ն կներկայացնի We Are Monchichi ներկայացումը (պարուսույցներ՝ Հոնջի Վանգ և Սեբաստիեն Ռամիրես)։
Օգոստոսի 26-ին, ժամը 19:30 Ստանիսլավսկու թատրոնում ԱՄՆ-ից Gaspard & Dancers պարախումբը կներկայացնի 5 վառ պարային բեմադրություններ՝ Noula-ն, 27-ը, Tota Pulchra Es-ը, Sodo-ն և L’esprit-ը (պարուսույց՝ Գասպար Լյուիս):
Մասնագետներին և բոլոր հետաքրքրվածներին սպասում են նաև վարպետաց դասեր, հայտնի արտիստների հետ հանդիպումներ։
Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի մեկ օրն ամբողջությամբ կնվիրվի Armenian Showcase ծրագրին, որտեղ ցուցադրվելու են հայ պարուսույցների և ժամանակակից պարերի ընկերությունների լավագույն բեմադրությունները՝ հայ պարուսույցների, արվեստի փորձագետների քննարկմամբ և գնահատմամբ: Փառատոնի ավարտը կազդարարվի հայկական Showcase Gala-ով:
Փառատոնի հիմնական առաքելությունն է զարգացնել ժամանակակից պարարվեստի ոլորտը Հայաստանում, ստեղծել հաղորդակցության հարթակ Հայաստանի և աշխարհի ժամանակակից պարի ներկայացուցիչների միջև, հայ հանդիսատեսին սուզել պրոֆեսիոնալ ժամանակակիցի մինչ այժմ անծանոթ աշխարհում:
Փառատոնի նպատակներից մեկը Հայաստանում ժամանակակից պարի ոլորտի ստեղծագործողներին՝ պարողներ, պարուսույցներ, զարգացման հարթակ ծառայելն է։ Փառատոնի նպատակն է նաեւ Հայաստանի տեսանելիության բարձրացումը, ինչը հնարավոր է դառնում միջազգային խոշոր պարային ընկերությունների, հայտնի պարուսույցների եւ քննադատների ներկայության շնորհիվ։
Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։