«Ժողովուրդ». ԱԳՆ՝ առանց դիվանագիտական ռեսուրսի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերջին երկու տարվա ընթացքում դրամաշնորհային ծրագրով ՀՀ դիվանագիտական դպրոցին հատկացրել է 449 մլն 098 հազար դրամ: Մինչ այդ որեւէ հատկացում չկա, համենայնդեպս պետական գնումների մասին առցանց հարթակում այդ մասին ոչինչ նշված չէ:
Տեղեկացնեք, որ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը կամ Հայաստանի դիվանագիտական դպրոցը հիմնվել է ՀՀ կառավարության որոշմամբ 2009 թվականի սեպտեմբերին: Դպրոցի առաջնային նպատակներն են Արտաքին գործերի նախարարության համակարգի համար դիվանագիտական կադրերի պատրաստումը:
Արդեն 14 տարի է, ինչ գործում է դիվանագիտական դպրոցը: Այս ընթացքում հայաստանյան դիվանագիտությունը որեւէ շոշափելի արդյունք չի ունեցել:
Այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը պատերազմական գործողությունների թատերաբեմում էր, դիվանագիտական լուրջ հարաբերություններ ծավալելու փոխարեն, փրփուրներից էր կախվում իշխանությունը:
Այն ժամանակ, երբ ճիշտ դիվանագիտական քայլերն ամենաանհրաժեշտն էին Հայաստանի համար, մենք չտեսանք 10 տարուց ավել գործող կառույցի «արտադրած ռեսուրսները»: Հայաստանի եղած եւ արդեն քայքայված դիվանագիտության ներկայացուցիչները իշխանական դրածոներն են, ովքեր անցյալում նույնիսկ որեւէ կապ չեն ունեցել դիվանագիտական բանակցությունների հետ:
Օրինակ՝ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, նրա տեղակալ Վահե Գրիգորյանը, Մնացական Սաֆարյանը, Պարույր Հովհաննիսյանը, Վահան Կոստանյանը, Ամերիկայում դիվանագիտական ծառայություն կատարող Լիլիթ Մակունցը, Իսպանիայում՝ Սոս Ավետիսյանը, Գերմանիայում Վիկտոր Ենգիբարյանը ներկայացնում են Հայաստանը, սակայն չունեն դիվանագիտական կրթություն:
Մինչդեռ, համակարգում ներկայացուցիչների մեծ մասի աստիճանը արտակարգ եւ լիազոր դեսպան է, սակայն նրանք ոչ մի կապ չունեն դիվանագիտության հետ` ո՛չ կրթություն ունեն, ո՛չ մասնագիտացում։
Ո՞ւր է այն ռեսուրսը, որը պետք է օգտագործվեր Հայաստան-Թուրքիա բանակցությունների համար, եւ ինչո՞ւ պիտի Հայաստանի անունից թուրք դեսպան Սերդար Քըլըչի հետ հանդիպմանը հայաստանյան ներկայացուցիչը լիներ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որը դիվանագիտություն բառի հետ անգամ կապ չունի։
Այսպիսով, ինչի՞ համար է այն կառույցը, որը նպատակին չի ծառայում, ինչի՞ համար են ՀՀ պետական բյուջեից ներկայիս իշխանությունների օրոք միլիոնավոր ներդրումներ արվում, որոնք անարդյունք են մնում, եւ վերջապես ինչի՞ համար է դեռ կանգուն այն կառույցը, որն իր առաջնային նպատակը չի իրականացնում:
Դիվանագիտությունը չի լուծում ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերները, եւ շարունակ կրակոցն է իր «գործն անում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում