Լավրովը խոսել է Երևանի և Բաքվի հետ բանակցությունների մասին
Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի հետ բանակցությունները շարունակվում են, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ և ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով:
«Հուսով եմ, որ այսօրվա քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել բանակցային գործընթացին։ Այս փուլում առավել մոտ արդյունք է դիտվում եռակողմ աշխատանքային խմբում պայմանավորվածության ձեռքբերումը, որը գլխավորում են երեք փոխվարչապետներ, որոնք զբաղվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցմամբ»,-հայտարարել Է Լավրովը բանակցությունների արդյունքներով:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն առաջարկել է եռակողմ երկխոսություն սկսել խորհրդարանականների գծով, ինչպես նաև վերսկսել երկխոսությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետ-քաղաքագետների միջև:
«Ակնկալում ենք, որ բանակցությունների գործընթացը կշարունակվի։ Հասկանում ենք թե հայկական, թե ադրբեջանական կողմի հետաքրքրությունը միջնորդներ օգտագործելու ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլ նաև մյուսների։ Ողջունում ենք նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնել Բաքվին և Երևանին գտնել պայմանավորվածություններ, ովքեր, ինչպես և մենք, աշխատում են այդ ուղղությամբ։
Բայց չպետք է լինեն այս կամ այն պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրելու փորձեր՝ ոչ թե ելնելով հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից, այլ հանուն ԶԼՄ-ներում գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների», - նշել Է Լավրովը։