Դանիայում Եգիպտոսի և Թուրքիայի դեսպանատների առջև ակտիվիստներն այրել են Ղուրանը
Կոպենհագենում Եգիպտոսի և Թուրքիայի դեսպանատների առջև մի խումբ ակտիվիստներ այրել են Ղուրանը։ Սա տեղի է ունեցել վերջին շաբաթներին Շվեդիայում և Դանիայում նմանատիպ մի շարք ակցիաներից հետո, որոնք մեծ զայրույթ են առաջացրել մուսուլմանական երկրներում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։
Դանիան և Շվեդիան հայտարարել են, որ դատապարտում են մուսուլմանների սուրբ գրքի այրումը, սակայն չեն կարող կանխել դա, քանի որ պետք է հետևեն խոսքի ազատությանը վերաբերող օրենքներին։
Անցյալ շաբաթ Ստոկհոլմի կողմից Ղուրանի այրման թույլտվության պատճառով Իրաքում հարյուրավոր ցուցարարներ ներխուժել էին Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն և այրել այն։
Իրաքի արտգործնախարարությունը ԵՄ երկրներին կոչ է արել վերանայել խոսքի ազատությանը վերաբերող օրենքները։ Թուրքիան խստորեն դատապարտել է Ղուրանի այրումը և Դանիային խնդրել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել դրա դեմ։ Իրանը եվրոպական երկրներին կոչ է արել Ղուրանի անարգման պատասխանատուներին հանձնել մուսուլմանական երկրներին։ Եգիպտոսն էլ Շվեդիայի գործերով ժամանակավոր հավատարմատարին կանչել է արտգործնախարարություն։