Աննա Վարդապետյանն Ալեքսիս Հաֆթվանիի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիի գլխավորած պատվիրակությանը:
Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Դեսպանության ներդրումը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործման, Հայաստանի դատախազների որակավորման բարձրացման ուղղություններով, ինչպես նաև կարևորել է կոռուպցիոն հանցագործությունների նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը:
Որպես փոխգործակցության ուղղություն՝ ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է նաև կիբերհանցավորության դեմ պայքարը և ընդգծել, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների վերաբերյալ գործերով արդյունավետ հսկողություն իրականացնելու համար դատախազները ևս պետք է զարգացնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական փոխօգնության շրջանակում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: