ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի վերաբերյալ որոշում կկայացնի Թուրքիայի խորհդարանը․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախարարների կաբինետի հուլիսի 24-ի նիստից հետո ունեցած ելույթում, մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Ստոկհոլմի անդամակցության հեռանկարները, նշել է, որ այդ հարցը որոշելու է Թուրքիայի խորհրդարանը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
«Մարմինը, որը վերջնական որոշում կկայացնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության արձանագրությունների վերաբերյալ, Թուրքիայի խորհրդարանն է։ Մենք կասկած չունենք, որ մեր պատգամավորները կանեն այն ամենը, ինչ պահանջում է մեր երկրի շահը»,- ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ դաշինքին Շվեդիայի անդամակցության գործընթացի հետ կապված փոխադարձ քայլերը հստակեցվել են Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահի, Շվեդիայի վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությամբ։
«Մենք կկատարենք մեր մասը (Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների - խմբ.), երբ մեր խորհրդարանի աշնանային նստաշրջանը մեկնարկի»,- ասել է Էրդողանը։