Իսրայելում ցույցերը շարունակվել են ողջ գիշեր, բժիշկները գործադուլ են հայտարարել
Իսրայելի Քնեսեթում դատական բարեփոխումների շրջանակներում առաջին օրինագծի ընդունումից հետո բողոքի ակցիաներն ավելի մեծ թափ են հավաքել։ Առողջապահության ոլորտի աշխատակիցներն իրենց բողոքն են հայտնում օրինագծի ընդունմանը՝ միանալով հայտարարված գործադուլին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Jerusalem Post-ից, հուլիսի 25-ի գործադուլին կմիանա բժիշկ-օրդինատորների 73 %-ը։
Բողոքի ակցիաները շարունակվել են նաև գիշերը։ Ցուցարարները փակել են մայրուղիները։ Ըստ The Times of Israel-ի՝ հեծյալ ոստիկանության և ջրցան մեքենաների միջոցով Թել Ավիվի գլխավոր մայրուղիներից մեկը հնարավոր է եղել բացել միայն գիշերը ժամը 1-ից հետո՝ չնայած հազարավոր ցուցարարներ շարունակել են ցույցը մոտակա խաչմերուկներից մեկում։
Երուսաղեմում նույնպես ցուցարարներին ցրելու համար ոստիկանները ջրցան մեքենաներ են օգտագործել։ Ցուցարարները հավաքվել են Քնեսեթի դիմաց, այնուհետև փակել են մայրուղիներից մեկը և ցույց անցկացրել Գերագույն դատարանի շենքի դիմաց։ Իրավապահների և ցուցարարների միջև բախումների ընթացքում առնվազն 5 ցուցարար և 3 ոստիկան է վիրավորվել։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կվերսկսի երկխոսությունը քաղաքական ընդդիմության հետ դատական բարեփոխումների թեմայով։
ԱՄՆ-ն Իսրայելի ղեկավարներին կոչ է արել փոխհամաձայնություն գտնել դատական բարեփոխումների հարցում։ Ըստ Սպիտակ տան խոսնակի՝ երկրի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ժողովրդավարական երկրում լուրջ փոփոխությունները պետք է ունենան հնարավորինս լայն կոնսենսուս։