Սերժ Թանկյանը, Փիթեր Գաբրիելը և այլ հայտնիներ բաց նամակով դիմել են Ադրբեջանին
«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ճնշումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակը ստորագրել են նաև շոու բիզնեսի այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Փիթեր Գեբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոփլենդը, Ռոզա Լինը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սեբու Սիմոնյանը և այլոք։
Նամակում անդրադարձ է կատարվում Արցախի 7-ամսյա շրջափակմանը, որը սկսվել է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այդ ժամանակից ի վեր ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մարդասիրական օգնությանը։ Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են օգնության ավտոշարասյունների ելումուտը, և հումանիտար ճգնաժամը խորանում է: Խանութներում սպառվում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները։ Հիվանդանոցներն ունեն դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս։ Փետրվարին ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հանձնարարեց Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհին։ Ադրբեջանը շարունակում է անտեսել այդ որոշումը», - գրված է նամակում։
Սերժ Թանկյանը նաև հարցազրույց է տվել Spin պարբերականին՝ նշելով, որ բոլորն, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարությունը և Եվրոպական միությունը, աջակցում են միջանցքի ապաշրջափակմանը և բազմիցս են այդ թեմայով կոչեր հնչեցրել, սակայն բռնապետական ռեժիմին ուղղված կոչերը մարդկանց չեն օգնի գոյատևել։
«Դրանք պարզապես բառեր են։ Որևէ գործողություն չկա, և խնդիրը հենց դա է։ Բոլորն արդեն դատապարտել են դա, սակայն ոչ ոք ոչինչ չի անում», - ասել է Թանկյանը՝ հավելելով, որ փորձել է կապվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ, որն, օրինակ, կարող էր պարեն մատակարարել ինքնաթիռներով։
Սերժ Թանկյանը նաև ընդունում է, որ խնդիրը բարդանում է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամուր կապերի պատճառով։
Երաժշտի խոսքով՝ Ուկրաինայի մասին ԶԼՄ-ներում կարելի է կարդալ ամեն օր, սակայն շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։ Միևնույն ժամանակ Թանկյանը հիշեցնում է, որ Ադրբեջանի բռնապետ ղեկավարը գրավել է նաև բուն Հայաստանի տարածքից որոշ հատվածներ՝ մոտ 150 քառակուսի կմ։
«Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր ենք, որովհետև չի կարելի մի երկրի հաշվին զոհաբերել մյուսը։ Դա ճիշտ չէ», - նշել է Թանկյանը։