Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին․ Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների նոր փուլին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստել Կովկասում կայուն խաղաղության հաստատման ջանքերին։
Իրանի արտգործնախարարության խոսնակն իր ամենշաբաթյա ասուլիսում Հարավային Կովկասը Թեհրանի համար նշանակալի հարց է անվանել։
«Իրանն աջակցում է հարևանների միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին», - Քանաանիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Թեհրանում հանդիպում է կայացել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև։ Կողմերը քննարկել են համագործակցության զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր։