537 հազար մարդ միացել է ստորագրահավաքին. Ժողովուրդը Փաշինյանին չի լիազորել Արցախը թողնել Ադրբեջանի կազմում. Թովմասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր՝ հուլիսի 24-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ամփոփեց մայիսի 3-ից իր կողմից նախաձեռնած սկսած ստորագրահավաքի արդյունքները։
«Այս տարի ես իրականացրեցի մի հետաքրքիր ակցիա՝ փորձելով հասկանալ, թե այն թեզերը, որոնք Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որքանով են ընկալելի և ընդունելի հայ հասարակության համար։ Պետք է արձանագրեմ, որ մայիսի 3-ին մեկնարկած և մոտավորապես մինչև հուլիսը 20-ը շարունակված ստորագրահավաքի ընթացքում ժամանակ ունեցանք փոքրիկ թեստ անելու և արձանագրելու, որ հայ ժողովուրդը ամենևին չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Ես դա կապացուցեմ հիմա թվերով, քանի որ իմ ակցիան կարճաժամկետ էր և եթե ես շարունակեմ ստորագրահավաքը, վստահ եմ, որ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ», - հայտարարեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ այս պահին հավաքվել է 536 898 ստորագրություն․ «Կես միլիոնի շեմը վաղուց հատել ենք և սա նշանակում է, որ այսքան մարդ իր հստակ ստորագրությամբ վավերացրել է իր հստակ դիրքորոշումը՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Նիկոլ Փաշինյանի թեզերը մերժված են այդ մասով։ ԿԸՀ-ում նայել եմ, որ ՔՊ-ն ունի 3000 համակիր։ Այսինքն՝ չի կարող 3000 անդամ, համակիր ունեցող կուսակցությունը որոշել 3000 տարեկան ազգի և 13 մլն հայերի ճակատագիրը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: