Հայաստանը Չինաստան կմեկնի 14 մարզիկով. համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղեր
Հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը Չինաստանի Չենդու քաղաքում կանցկացվեն համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերը, որին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կմասնակցի 14 մարզիկով՝ 7 մարզաձևում:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ Հայաստանի թիմը բավական ներկայացուցչական կազմով կմասնակցի խաղերին՝ հանդես գալով լող, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո, հրաձգություն մարզաձևերում:
«Խաղերը պետք է անցկացվեին 2021 թվականին, բայց հետաձգվեցին մինչև 2023 թվական: Յուրաքանչյուր մարզաձևում ընդգրկված է 2 բավական ուժեղ մարզիկ: Օրինակ՝ աթլետիկայում հանդես կգան Երվանդ Մկրտչյանն ու Գայանե Չիլոյանը, սպորտային մարմնամարզությունում՝ Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, ձյուդոյում նույնպես Հայաստանի ուժեղագույն մարզիկներն են ընդգրկված՝ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, իսկ ուշուիստներն առաջին անգամ են իրենց ուժերը փորձելու ունիվերսիադայում և հանդես գալու բավական երիտասարդ կազմով: Լող մարզաձևում հանդես կգան Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը, որոնք արդեն օլիմպիական խաղերին մասնակցելու փորձ ունեն և Չենդու են ժամանելու անմիջապես աշխարհի առաջնությունից հետո: Հրաձիգներից հանդես կգան Բենիկ Խլղաթյանն ու Զավեն Իգիթյանը: Կարծում եմ՝ բավական հետաքրքիր արդյունքներ կունենանք, քանի որ բոլոր մարզաձևերում ընդգրկված են մեր ուժեղագույն մարզիկները: 5-6 ամառային ուսանողական խաղերի ենք մասնակցել ու միշտ մեդալներ նվաճել: Այս անգամ էլ մեծ հավակնություններ ունենք»,- ասում է Հովհաննես Գաբրիելյանը:
Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի սպորտային մարմնամարզության մրցումներում Հայաստանը նաև ներկայացուցիչ կունենա մրցավարական խմբում՝ ի դեմս Հակոբ Սերոբյանի:
Խաղերի շրջանակում անցկացվելու է նաև Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի կոնֆերանսը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը ելույթով հանդես կգա՝ Հայաստանում համալսարանական սպորտի վերաբերյալ:
Նշենք նաև, որ Հայաստանի՝ 21 հոգուց բաղկացած պատվիրակության ղեկավարի տեղակալը կլինի ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը: