Արցախի մանկական ԲԿ–ում ավելացել են լեյշմանիոզի դեպքերը. հիվանդանոցը ճգնաժամի շեմին է
Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորումում ավելացել են վիսցերալ լեյշմանիոզի դեպքերը, Արցախի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
Մի քանի օր առաջ հիվանդանոցը միանգամից երկու այդպիսի հիվանդ է ընդունել։
«Շտապ կարգով սկսեցինք բուժումը, իհարկե ՌԴ խաղաղապահների օգնությամբ, քանի որ ուղղաթիռներով հասցրեցին երեխաներին։ Իսկ լեյշմանիոզը բավական ծանր ու լուրջ հիվանդություն է, եթե այն ժամանակին չսկսենք բուժել կամ կիսատ թողնենք, կարող է երեխայի համար ճակատագրական լինել»,– նշում է բժիշկը։
Վառելիքի սղությունն, առհասարակ, Արցախում դարձել է հիվանդությունների բարդացման պատճառ։ Բուժառուները բազմաթիվ դեպքերում հիվանդանոց են հասնում արդեն ծանր վիճակում։