Հատապտուղ, որը բարելավում է ճանաչողական ունակությունները
Լոնդոնի Քինգս քոլեջի գիտնականները պարզել են, որ հապալաս ուտելը դրական է ազդում տարեց մարդկանց ուղեղի և արյան անոթների վրա: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ արդյունքները հրապարակվել են The American Journal of Clinical Nutrition ամսագրում:
Տարիքի հետ մարդիկ ավելի շատ են ենթարկվում սրտանոթային և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների: Ճանաչողական ֆունկցիան նույնպես ավելի արագ է նվազում 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ։ Հեղինակները փորձել են ուղիներ գտնել՝ դանդաղեցնելու կամ կանխելու տարիքային այս փոփոխությունները:
Հետազոտությանը մասնակցել է 65-ից 80 տարեկան 61 մարդ: Նրանց բաժանել են երկու խմբի՝ մի խումբը պլացեբո է ընդունել, իսկ երկրորդը՝ 26 գրամ հապալասի փոշի։
Հեղինակները պարզել են, որ տարեցները, ովքեր 12 շաբաթվա ընթացքում ամեն օր օգտագործում էին հապալասի փոշի, ավելի առողջ արյան անոթներ ունեին և ավելի լավ էին կատարում ճանաչողական առաջադրանքները՝ համեմատած պլացեբոյի խմբի հետ:
Նյութերի խումբը, որը կարող է կանխել այս առողջական խնդիրները, պոլիֆենոլներն են:
Անտոցիանինները պոլիֆենոլի մի տեսակ են, որ հանդիպում են հապալասում: Դրանց շնորհիվ է, որ հատապտուղը կապույտ գույն ունի։ Անտոցիանինները ուժեղ հակաօքսիդանտներ են, չեզոքացնում են ազատ ռադիկալների ազդեցությունը, արգելակում են ուռուցքների աճը և բարենպաստ ազդեցություն ունեն մարդու օրգանիզմի վրա։ Ուստի վառ գույների բանջարեղենն ու մրգերը համարվում են օգտակար օրգանիզմի համար։