Հունաստանում կանխատեսել են երկրի պատմության մեջ ամենաերկարատև շոգը
Աթենքի ազգային աստղադիտարանը կանխատեսել է Հունաստանի օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենաերկարատև ջերմային ալիքը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը։
Աստղադիտարանի հետազոտությունների տնօրեն Կոստաս Լագուվարդոսի խոսքերով՝ հավանական է, որ Հունաստանի բնակիչները 15-ից 16 օր դեռ ստիպված լինեն դիմանալ ծայրահեղ շոգին: Նա նշել է, որ նախկինում նման իրավիճակ երկրում չի եղել։
Լագուվարդոսը նաև հավելել է, որ շոգը կարող է ավելի երկար տևել, սակայն դեռ դժվար է կանխատեսել։
Հունաստանում գրանցված ամենահզոր ջերմային ալիքը տևել է 12 օր՝ 1987 թվականի հուլիսին։
Այս ամառ Աթենքում ջերմաստիճանը կարող է գերազանցել 2007 թվականի հունիսի պատմական ռեկորդը. այն ժամանակ ջերմաստիճանը +44,8°C էր։
Մինչ այս Հռոդոս կղզում խոշոր անտառային հրդեհ էր գրանցվել։ Ըստ տեղի իշխանությունների՝ ավելի քան 30,000 մարդ կարող է տարհանվել հրդեհի վայրերից։