Դեռահասների ընդգծված ագրեսիան և բռնության հակումերը. ինչպե՞ս պայքարել խնդրի դեմ
Դեռահասության շրջանի ագրեսիայի դեպքերի մեծ մասը որպես ընտանեկան գաղտնիք շատ հաճախ անտարբերության է մատնվում՝ թողնելով անպատասխան հարցեր և անլուծելի խնդրի խորը արմատներ։ Նման իրավիճակում հայտնված ծնողներին թվում է, որ երեխաներին վերահսկելու հարցում իրենք անհաջողության են մատնվել և պետք է սպասել, մինչև ճգնաժամային տարիքի ավարտը, գրում է Aysor.am-ը։
Ագրեսիայի ցանկացած տեսակ լի է սթրեսով և կարող է հիմնովին խաթարել ընտանեկան անդորրը՝ մթնոլորտը դարձնելով լարված։
Կարևոր է իմանալ, որ ծնողներն իրենց պահվածքով կարող են մեղմացնել կամ, հակառակը, ավելի բորբոքել ագրեսիվ իրավիճակը։ Առաջին քայլը դեռահաս երեխայի համար լավ օրինակ հանդիսանալն է։
Երբեմն դեռահասների ագրեսիան կարող է վերաճել բռնության։ Եթե անցանկալի այս փոխակերպումն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել, անկախ նրանից, թե բռնությունն ուղղված է ծնողին կամ մեկ ուրիշին, առաջին հերթին պետք է հոգ տանել անվտանգությունն ապահովելու մասին։
Մասնագետներն այն կարծիքին են, որ նման պարագայում անհրաժեշտ է գտնել դեռահաս երեխայի հետ զրուցելու ինչ-որ ձև, հասկացնելու, որ անկախ նրա տեսակետի ճիշտ լինելուց, բռնարարքը, որպես այդպիսին, անթույլատրելի է։
Բռնության մտքեր ունեցող դեռահասին և վերջինիս ծնողներին կարող են օգնել հետևյալ մեթոդները և հնարքները.
Երեխային տալ իրավիճակը վերաիմաստավորելու հնարավորություն։ Երբ նա հանդարտվի, զրուցեք ձեր երեխայի հետ հանգիստ տոնով, «հավասարը՝ հավասարի հետ» դիրքերից, ներկայացրեք, թե ինչ է տեղի ունեցել և խորհուրդ տվեք, թե ինչպես կարող եք օգնել նրան և ինչպես է կարելի երկուսով առկա իրավիճակը հաղթահարել և բոլորի համար ընդունելի լուծում գտնել։
Լինել հստակ։ Դեռահասը պետք է իմանա, որ դուք երբեք չեք անցնի ձեր սահմանները։ Նա պետք է հասկանա, որ բռնության որևէ տեսակ ձեր ընտանիքում անթույլատրելի է։
Նման պարագայում խիստ անհրաժեշտ կլինի զրուցել նաև երեխայի ուսուցիչների հետ և պարզել, թե արդյո՞ք նրա ագրեսիվ վարքագիծը դրսևորվում է նաև դպրոցում։
Դիմել հոգեբանական խորհրդատվության, առավել ևս, եթե ծնողի և դեռահաս երեխայի միջև անկեղծ զրույց չի հաջողվում։
Հարկ է հիշել, որ դեռահասների մոտ չկարգավորված ագրեսիան կարող է հանգեցնել ծխախոտի, ալկոհոլի կամ թմրամիջոցների օգտագործման հակումների։ Այդ իսկ պատճառով, դեռահասության շրջանը ծնողից պահանջում է կենտրոնացած ուշադրության և հոգածության առավել մեծ չափաբաժին, քան երբևէ։