«Մերսեդես»-ը մխրճվել է վթարի պատճառով հավաքված մարդկանց մեջ․ 1 անձի մեղադրանք է ներկայացվել
Պարզվել են Երևան-Երասխ ավտոճանապարհին հուլիսի 18-ի գիշերը 3 մարդու մահվան, և 13 մարդու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսացած ճանապարհատրանսպորտային պատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
«Մասնավորապես, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրակակացված նախաքննությամբ պարզվել է, որ նշված օրը, ժամը 00:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածում միմյանց են բախվել «Գազել», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով մեկ անձ, ով հանդիսանում է Փ.Վեդի գյուղի 21-ամյա բնակիչ, մահացել է տեղում:
Նշված ավտովթարից հետո, դեպքի վայրում, բաժանարար գազոնային հատվածում, սկսել են մարդիկ հավաքվել, որի ընթացքում Երևանից դեպի Երասխ ուղեմասով, նշված գազոնային հատվածում առկա մարդկանց վրաերթի ենթարկելով, դեպի հանդիպակաց ուղմաս է դուրս եկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և, շարունակելով ընթացքը՝ բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային: Դրա հետևանքով վրաերթի ենթարկված անձինք հայտնվել են հանդիպակաց ուղեմասում:
Դեպքից հետո 15 անձինք, որոնցից 14-ը՝ վրաերթի ենթարկված, տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ, որտեղ նրանցից ևս երկուսը՝ վրաերթի ենթարկված Այնթապ գյուղի 43 և Փ.Վեդիի 25-ամյա բնակիչները (վերջինս գտնվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենսայի ղեկին և նշված 21-ամյա երիտասարդի եղբայրն է) ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել են:
Պարզվել են ավտոպատահարներից տուժած բոլոր անձանց ինքնությունը: Քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են քննչական, վարութային անհետաձգելի գործողություններ, նշանակվել են դատաբժշկական և դատամանրաթելային փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն։ Հարցքննվել են մի շարք անձինք, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել և զննության է ենթարկվել տեղանքում գտնվող տեսախցիկների՝ վերաբերելի տեսագրությունները։
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով հանդիսանում է Արարատ գյուղի 39-ամյա բնակիչ, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, բացի այդ, վերջինիս վարորդական իրավունքի վկայականը եղել է ուժը կորցրած /ժամկետանց/:
Ծանր հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, «Մերսեդես»-ի վարորդը ձերբակալվել է:
Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ դեպքի օրը ոչ սթափ վիճակում Երևան-Երասխ մայրուղու նշված հատվածում վարելով իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, վերջինս հաշվի չի առել երթևեկության ինտենսիվությունն ու ճանապարհային պայմանները, մասնավորապես, ճանապարհային տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ, չի ընտրել այնպիսի արագություն, որը հնարավորություն կտար նրան, կանոնների պահանջներին համապատասխան, ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը։ Իր երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ հանդիսացող վթարված ավտոմեքենաները տեսնելուց հետո նա միջոցներ չի ձեռնարկել արագությունն իջեցնելու ուղղությամբ, առանց համոզված լինելու կողանցման անվտանգ լինելու մեջ՝ փորձել է կատարել կողանցում, և, խախտելով ՀՀ ՃԵԿ մի քանի պահանջներ, ինքն իրեն զրկել է տվյալ վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից ու վրաերթի է ենթարկել Երևան-Երասխ մայրուղու 32-րդ կմ-ի հատվածի բաժանարար գազոնային հատվածում կանգնած 14 անձի:
Ձեռք բերված փաստերի հիման վրա «Մերսեդես»-ի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարների, տուժողների վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ: