Կիեւի հայտարարությունները Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներ մեկնող նավերի մասին վտանգավոր են. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարությունները, թե Սև ծովով Ռուսաստանի Դաշնություն ուղևորվող նավերը համարվելու են որպես ռազմական բեռներ տեղափոխող, վտանգավոր են։
Կրեմլի խոսնակը նշել է, որ Կիևի անկանխատեսելի գործողությունները և ահաբեկչական հարձակումներին նրա մասնակցությունը կարող են վտանգ ներկայացնել քաղաքացիական նավերի համար։
Պատասխանելով հարցին, թե դրա հետ կապված՝ Ռուսաստանը կփոխի՞ Սև ծովում նավերի շարժի հետագիծը, Պեսկովը նշել է, որ այժմ իրավիճակը վերլուծվում է, և համապատասխան գերատեսչությունները առաջարկություններ կմշակեն՝ վտանգը նվազագույնի հասցնելու համար։
Հուլիսի 20-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սեւ ծովի հյուսիսարեւելյան հատվածում եւ Կերչ-Ենիկալ նեղուցում նավարկության արգելքի մասին։ Նախարարությունը նախազգուշացրել է, որ հուլիսի 21-ից բոլոր նավերը, որոնք նավարկում են Սև ծովում ռուսական ծովային նավահանգիստների և «Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքում» գտնվող նավահանգիստների ուղղությամբ, կարող են համարվել որպես «ռազմական բեռներ՝ կապված բոլոր ռիսկերով»։
Ուկրաինայի ՊՆ-ն համապատասխան հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հուլիսի 20-ից Սև ծովում ուկրաինական նավահանգիստներ մեկնող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ։ Ռազմական գերատեսչությունում նշել են, որ այս որոշումն ընդունվել է «Սևծովյան նախաձեռնության» դադարեցման և ծովային հումանիտար միջանցքի սահմանափակման ֆոնին։