Ադրբեջանն ինդուլգենցիա է գնում Արևմուտքից և դեմարշ անում ՌԴ-ի նկատմամբ. Բեգլարյան
Ադրբեջանն, իբր, հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, բայց, մյուս կողմից, 221 օր ահաբեկչական շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակիչների, իսկ 36 օր` լիակատար շրջափակման մեջ՝ զրկված բոլոր տեսակի պաշարներից, նույնիսկ հումանիտար պաշարներից։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Այս քայլով Ադրբեջանի բռնապետական ռեժիմը փորձում է «մաքրել» իր մեղքերը և «մարդասիրական» ինդուլգենցիա գնել Արևմուտքից, մյուս կողմից՝ ճիշտ ժամանակին հերթական դեմարշն անում Ռուսաստանի նկատմամբ։
Բերեմ մեկ այլ ցավալի օրինակ։ Ամբողջ աշխարհն աղմկում է «Հացահատիկային գործարքի» մի քանի օր կասեցման մասին՝ անտեսելով այն փաստը, որ ֆաշիստական Ադրբեջանը սովամահ է անում 120 հազար մարդու՝ 36 օր շարունակ թույլ չտալով սնունդ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ հասցնել Արցախ։
Իմ հիմնական եզրակացությունը պարզ մարդկային ցավն է, որ Արցախի բնիկ ժողովուրդն աշխարհաքաղաքական շահերի ու խաղերի զոհ է, այդ թվում՝ իբր ժողովրդավարական և արժեքային երկրներից։ Ամեն դեպքում, փնտրողը գտնում է, իսկ մարտիկը հասնում է նպատակին»,- գրել է նա։