«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Ջազ երեխաների համար» խորագիրը կրող համերգը
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում hուլիսի 22-ին ժամը 19։00-ին կկայանա «Ջազ երեխաների համար» խորագիրը կրող համերգը։
Նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ՝ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով: Իսկ ինչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար, քան մուլտֆիլմը․․․
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, փայլուն ջազ երաժիշտների կատարմամբ։
Վոկալ՝ Աննա Կոստանյան, Արթուր Ալեք, սաքսոֆոն՝ Դավիթ Մելքոնյան, շեփոր՝ Տիգրան Հարությունյան, դաշնամուր, գործիքավորում՝ Կարեն Գրիգորյան, դաշնամուր՝ Ռաֆայել Պետրոսյան, կոնտրաբաս՝ Միխայիլ Ֆոմինիխ, հարվածային գործիքներ՝ Արման Մնացականյան։ Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա նաև մուլտֆիլմերի պրոեկցիա։